ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ դատական բարեփոխումներին։ Բաբաջանյանը նշեց, որ հեղափոխությանը հավատացած մարդիկ չեն հրաժարվելու պետության համար կենսական նշանակություն ունեցող այդ գործընթացից՝ դատական համակարգի առողջացումից, զտումից։
«Մենք ոչ միայն չենք հրաժարվում, այլև խիստ պահանջատեր ենք այդ հարցում ու դա ապացուցելու ենք գործով։ Վերջին ավելի քան 20 տարում ապօրինի դատական ակտերով ՀՀ քաղաքացիներին սեփականությունից զրկած, նրանց իրավունքները ոտնահարած, քաղաքական հետապնդումները օրինականացրած և, ի վերջո, պետության բռնազավթմանը մասնակցած ոչ մի գործող դատավոր անպատիժ չի մնալու»,- նշեց Բաբաջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ որևէ կոմպրոմիս չի լինելու քաղաքացիներին թալանած, ունեզրկած ու նվաստացրած քաղաքական իշխանության քաղաքական հետապնդումները օրինականացրած դատավորների նկատմամբ։ Եվ նրանք ու նրանց հովանավորները դուրս են շպրտվելու դատական համակարգից։
«Նախօրեին «Մարտի 1»-ի գործով մի շարք քաղբանտարկյալներ են արդարացվել։ Այդ մարդկանց ազատությունից զրկած, այս և մյուս գործերով Վերաքննիչ քրեական դատարանի գործող և հանցավորության մեջ թաթախված այլ շատ ու շատ դատավորներ պատասխան են տալու՝ քաղաքական պատվերով մարդկանց ապօրինաբար անազատության մեջ պահելու համար»,- նշեց Բաբաջանյանը։