ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից 2020 թ. հունվարից մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:
Ըստ օրակարգի՝ զեկուցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժիններում քննվող քրեական գործերով կատարված աշխատանքները:
Ըստ զեկույցների՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում քննվում է 96 քրեական գործ, որոնցից 93-ը բացահայտված են, իսկ 3 չբացահայտված քրեական գործերը փոխանցվել են 2019 թ.-ից:
Բաժնում վարույթ է իրականացնում 14 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 6 քրեական գործ:
Ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործերով պատճառված վնասը կազմում է 6.959.364.634 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 460.636.780 ՀՀ դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում նշված ժամանակահատվածում քննվում է 157 քրեական գործ, որոնցից 154-ը բացահայտված են: 88 քրեական գործ ուղարկվել է դատարան, 80 քրեական գործով վարույթ կարճվել է, 10-ը միացվել են մեկ վարույթում, 15 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, որոնցից 1-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ 14-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներ, կասեցվել է 11 քրեական գործ:
Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վարույթ է իրականացնում 8 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 37 քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնի վարույթում քննվում է 12 քրեական գործ, որոնցից 5-ը բացահայտված է:
Բաժնում վարույթ է իրականացնում 2 քննիչ, որոնց ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 13 քրեական գործ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան բաժինների աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: