Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ներկայացվեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների օրենսդրական նախագծերի փաթեթը։
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ փաթեթի ընդունումը բխում է կառավաարության ապրիլի 23-ին հաստատած Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից։ Այն կարճաժամկետ հեռանկարում նախատեսում է պարեկային ծառայության ստեղծումը։
«Էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակետային ծառայությունը և ճանապարհային ոստիկանությանը։ Ոստիկանության հետ համատեղ արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծերի այս փաթեթը սահմանում է պարեկային ծառայության ստեղծման իրավական հիմքերը, ծառայողների պաշտոնները, նրանց ներկայացվող պահանջները, համալրման համար անցկացվող մրցույթը, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց կրթությանը վերաբերող դրույթները»,- ասաց փոխնախարարը։
Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա կրթական վերապատրաստման ծրագրի արդյունքում։ Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում՝ մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը։ Ամբողջ հանրապետությունում կգործարկվի մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը։
Նոր պարեկային ծառայության համար նախատեսվում են նոր համազգեստ, զենքի, տրանսպորտային միջոցների ու տեխնիկական սարքավորումների նոր հագեցվածություն։ «Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոնը, որը բացի զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից ապահովելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթները»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ ապահովելու են ստացված զանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին տրամադրելու են պրոֆեսիոնալ աջակցություն, խորհրդատվության։