ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ նշեց, որ Ազգային ժողովում դիմակներ կրելու պարտադրման կարգը պայմանավորված է աճող վիճակագրությամբ և հետազոտությունների արդյունքներով։
«Թվերի առկայությունը խոսում է այն մասին, որ անկախ նրանից՝ մենք մեզ համարում ենք վարակակիր թե ոչ, դրա մասին իրականում իմանալ չենք կարող՝ հարկ է միջոցներ ձեռնարկել, որ հնարավորինս կանխենք։ Իսկ քանի որ առողջապահության նախարարության և պարետատան տվյալներով՝ դիմակները կատարում են կանխարգելիչ գործառույթ, ուրեմն պիտի ինքներս այդ պատասխանատվությունը ստանձնենք ու թույլ չտանք համավարակի տարածումը»,- նշեց Մակունցը։
Մակունցը ընդդիմության դիտարկմանը, թե իշխանությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, չանդրադարձավ՝ նշելով, որ դեռ վաղ է դրա մասին խոսել։
«Կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Այս պահին խոսել ձախողումների և հաջողությունների մասին, կարծում եմ՝ տեղին չէ։ Այն, ինչի վրա պետք է կենտրոնանանք, հնարավորինս առավելագույնն անելն է, որ Հայաստանում վարակի թվերը նվազեն, և տարածումը նվազի։ Կարծում եմ, որ գոնե նմանատիպ հարցերում չպետք է լինի որևէ տարանջատում իշխանության ներկայացուցիչների և ընդդիմության ներկայացուցիչների միջև, որովհետև բոլորիս գերագույն նպատակը պետք է լինի, որ բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց քաղաքական օրակարգից, այս հարցում հաջողեն»,- հավելեց խմբակցության ղեկավարը։
Անդրադառնալով Արցախի Հանրապետությունում նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո տեղի ունեցած բացօթյա խնջույքից հրապարակված նկարներին՝ Մակունցը նշեց, որ դիմակներ չեն կրել, քանի որ Արցախի Հանրապետությունում իրավական այլ ռեժիմ է։
«Այնուամենայնիվ, մենք ընդունել ենք, որ արժեր, որ դիմակներ կրեինք, ինչի առիթով ես հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը, բայց դա որևէ կերպ չի փոխում ՀՀ-ում գոյություն ունեցող վիճակը, և պետք է խստորեն հետևենք այդ կանոններին»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։