«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նստաշրջանի օրակարգի վերաբերյալ իր ելույթում դժգոհեց, որ ընդդիմադիր Գևորգ Պետրոսյանին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց նախազգուշացում դիմակ չկրելու համար։
«Երկակի ստանդարտների էս փորձը ինչի՞ց ա գալիս։ Երբ հարձակվում են բռունցքներով պատգամավորի վրա, բռնություն են գործադրում, ոչ մի պատգամավորի դուրս չեք հրավիրել 1 օրով, 7 օրով։ Դրանից հետո էլ, երբ վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, դուք ծափահարել եք, չէ՞, պարոն Միրզոյան։ ԱԺ նախագահը գոնե ինչ-որ իրավիճակներում պետք է մնա կամ գոնե պետք է երևա անաչառ»,- նշեց Մարուքյանը։
ԼՀԿ ղեկավարը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հանդես գա որպես ՔՈՎԻԴ-19-ի համազեկուցող, պետք է նայի տեսնի՝ 47 անդամ-պետություններում մարդու իրավունքները ոնց են խախտվել կորոնավիրուսի ժամանակաշրջանում։
«Պարոն Վարդանյանը ձայն չի հանում, որ այստեղ երկակի ստանդարտներ են կիրառվել, և, ըստ էության, ոտնահարվում է Սահմանադրությունը։ Հետևաբար, դուք ինչպե՞ս եք օբյեկտիվ զեկուցող հանդես գալու»,- նշեց Մարուքյանը։
Ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը այս պայմաններում, երբ օրական մի քանի հարյուր նոր դեպք են գրանցվում, մի քանի մահ, կռվում է դիմակ դնելու պահանջի դեմ։
«Էս մարդը եկել կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար։ Սա ուղղակի խայտառակություն է։ Ես նաև սպասում եմ, որ վաղը պարոն Մարուքյանը գնալու է ասուլիս տա ու ասի, որ, այ, դիմակ չկրելը օգտագործում են, որ լռեցնեն ընդդիմությանը։ Էդմոն Մարուքյանը համավարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,- նշեց Ռուբինյանը։
Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին անդրադարձավ Մարուքյանի խոսքին ու հաստատեց, որ քննարկվում է իր թեկնածությունը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպանությունը Քովիդ-19-ի ժամանակ թեմայով համազեկուցմամբ հանդես գալու համար՝ հավելելով, որ քննարկվում է նաև, որ Վարդանյանը կարող է անաչառ չլինել որոշ երկրների հանդեպ, բայց այդ երկիրը հաստատ Հայաստանի Հանրապետությունը չէ։
«Ես օբյեկտիվ եմ լինելու բոլոր 47 երկրների նկատմամբ և արձանագրելու եմ ցանկացած խախտում, որը, իմ կարծիքով, կդիտվի արժանի՝ այդ զեկույցում արձանագրելու։ Բայց այս կարգի հարցերը բերել և քննարկել ԱԺ ամբիոնից, վտանգել պետությանդ հեղինակությունը, կասկածի տակ դնել որոշակի գործընթացներ՝ չեմ ուզում մեկնաբանել»,- նշեց Վարդանյանը։