ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան ճեպազրույցների ժամանակ արձանագրեց, որ կորոնավիրուսի համաճարակի առումով երկրում իրավիճակը բավականին ծանր է։
Փաշինյանը շեշտեց՝ գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ։ Վարչապետը նշեց, որ քննել են իրավիճակի պատճառները և եկել այն համոզման, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին։ Վարչապետն ընդգծեց, որ կանոնները բովանդակային առումով արդյունավետ են, բայց խնդիրն այդ կանոնները պահպանելու մեջ է:
«Մենք կանոնների պահպանման որակի խնդիր ունենք։ Պարետատունը կանոններ է սահմանել տնտեսական գործունության ու հանրային կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ։ Այդ կանոններից մեկը համընդհանուր է՝ ձեռքերի պարբերաբար ախտահանումը, դիմակ կրելը հնարավորինս լայնորեն և սոցիալական հեռավորության պահպանումը։ Մենք վստահ ենք, որ այս կանոնների պահպանման դեպքում մեր համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի։ Մեր հիմնական ասելիքն ու անելիքը համարում ենք մեր սիրելի հայրենակիցներին այս ուղերձով դիմելը, որ այդ կանոնները պահելը շատ կարևոր է ու պարտադիր։ Մենք չենք զլանա նաև վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այդ գործողությունները, մասնավորապես, դիմակի կրելը և հարակից միջոցառումները դառնան կիրառելի»,- ասաց Փաշինյանը: