«Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը։ Դա վերարտադրողականության թիվն է, որը որակյալ դիմակներ կրելու, կարգապահ կրելու դեպքում կարող է իջնել մեկից, ինչը թույլ կտա մարել վարակը»,- պարետատանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց առողջապահության նախարարը։
Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ կան 269 ծանր պացիենտներ, 51-ը՝ ծայրահեղ ծանր, իսկ 15-ը՝ միացված թոքի արհեստական օդափոխության սարքերին։ Նախարարն ընդգծեց, որ կանոնները պահպանելը նոր համակեցության մարտահրավերի հետ միակ ելքն է։ Թորոսյանը շեշտեց, որ դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը ինքնանպատակ չեն։
«Եթե մենք հավաքական ջանքեր՝ մեր կողմից կանոնները ճիշտ պահպանելով առաջ գնանք, ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի և նաև մարման վիճակում։ Այդ առումով կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, որոնք կասկածի տակ են դնում դիմակների էֆեկտիվությունը, կամ այլ միջոցառումների, որոնք մեր կողմից խորհուրդ են տրվում։ Ուզում եմ հավաստիացնել, որ շարունակվում է պացիենտների հսկողությունը տնային պայմաններում, քանի որ դրական ու թեթև դեպքերը սպասարկում ենք ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգով»,- ասաց նախարարը։