«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Սուրեն Պապիկյանի՝ ԱԺ-ում ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ իր ելույթում նշեց, որ դրա քննարկման ժամանակ բազմաթիվ մարդիկ մտահոգություններ են հայտնել, թե նախագիծը կտանի համայնքների կուսակցականացմանը։
«Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում չի կայանում։ Համայնքներում հիմնականում ղեկավարներ ընտրվել են այդ համայնքների հեղինակությունները։ Այդ հեղինակությունները հորդորել են նաև, որ իրենց մարդիկ առաջադրվեն ավագանի, և այդ սկզբունքով ձևավորվել է ավագանին։ Եվ հասկանալի է, որ այդ սկզբունքով որևէ զսպման, հավասարակշռման մեխանիզմ չէր կարող լինել։ Այս ընտրական համակարգը փոփոխելով՝ մենք սկիզբ ենք դնում նաև քաղաքական պատասխանատվության։ Ես նաև չեմ հասկանում մտահոգությունները կուսակցականացման վերաբերյալ»,- նշեց Սամսոնյանը։
Պատգամավորն ասաց, որ նախագիծը հնարավորություն է տալիս, որ կուսակցությունները աշխատեն նաև համայնքներում, և ընտրված ավագանին ձևավորած կուսակցությունները կրեն քաղաքական պատասխանատվություն։
«Եթե մինչև այսօր ինչ-որ համայնքի որևէ ավագանու անդամ մտածում էր, որ ինչ էլ ինքն անի, ինչպես էլ գործի 5 տարվա ընթացքում, միևնույն է՝ ինքը մի գերդաստանի լավ տղան է և նորից կընտրվի, ապա այս համակարգի դեպքում մենք կարող ենք խուսափել նման մոտեցումներից»,- նշեց Սամսոնյանը։