ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում ներկայացրեց «Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը, Պապիկյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում պայմանավորված է ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ։
«Խոսքը վերաբերում է հողի պարզեցված կարգի փոփոխությանը սպանդանոցների համար։ Առաջարկվում է պարզեցված կարգով փոփոխելու սպանդանոցների համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 1-ից անցում ենք կատարելու ամբողջական սպանդանոցային մորթի, այս փոփոխությունը շատ կարևոր է և էական»,- նշեց Պապիկյանը։
Նախագծով առաջարկվող մյուս փոփոխությունը վերաբերում է աճուրդների անցկացման կարգին՝ նշեց նախարարը։
«Փոփոխությունը վերաբերում է նաև աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու, մեկնարկային գինը վերանայելու, աճուրդի կազմակերպման և իրականացման առավել հստակ կարգորոշումներ, աճուրդային և մրցութային հանձնաժողովներ սահմանելու անհրաժեշտությանը։ Առաջարկով կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացումը կադաստրային արժեքի 50 տոկոսի փոխարեն 100 տոկոս, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց, դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը։ Մրցութային հանձնաժողովներ ստեղծելու իրավասությունը վերապահվելու է ավագանուն»,- նշեց Պապիկյանը։