Խորհրդարանական քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց ԱԺ քառօրյայի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։
Միրզոյանը նշեց, որ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի առաջին մասում կա պարտադիր քննարկման 3 հարց, երկրորդ բաժնում՝ 24, գլխադասային հանձնաժողովներից դրական եզրակացություն ստացած նախագծեր են և ևս ընդգրկվում են օրակարգ՝ առանց քվեարկության, երրորդ բաժնում էլ բացասական եզրակացության 4 նախագիծ կա, որի հարցը պետք է քվեարկությամբ որոշվի։
ԱԺ նախագահը հավելեց, որ նախազգուշացում կհայտարարի, ապա դահլիճից դուրս կհրավիրի 1 օրով կամ 7 օրով այն պատգամավորներին, որոնք դիմակ չեն կրում։
«Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, երբ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ուզում եմ մեր քաղաքացիների առջև ասել, այո, ես սխալ եմ արել, սխալ եմ արել, որ մտածել եմ, թե հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, և չեմ կրել դիմակը։ Բայց ես ուզում եմ խոստովանել, որ դա սխալ է»,- նշեց Միրզոյանը։
Խորհրդարան վերադարձած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձեց Միրզոյանին՝ նշելով, որ արտակարգ դրությունը չի տարածվում խորհրդարանի վրա, և պարետի որոշումները խորհրդարանում պատգամավորների վրա կիրարկել Միրզոյանը չի կարող՝ հավելելով, որ անհարմար է դիմակով խոսել ԱԺ-ում։
«Ես ժամանակին առաջարկում էի, որ մենք նիստերն ավելի սահմանափակ անենք, բոլորդ էստեղ հայրենասիրության դասեր էիք տալիս, հիմա ասում եք՝ ոնց որ էն ժամանակ սխալ ենք արել»,- նշեց Մարուքյանը։
«Ես կիրառելու եմ այդ միջոցները»,- վերահաստատեց Միրզոյանը։