ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձավ այսօր հրապարակված ՄԻԵԴ-ի վճռին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասով։ Հայրապետյանն այն անվանեց իրավական գնահատական Ադրբեջանի իրագործած ֆաշիստական քաղաքականությանը։
«Վճիռը հստակ արձանագրում է, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածները՝ կյանքի իրավունքը և խտրականության արգելքը։ Սաֆարովի հանցանքը որակվել է որպես էթնիկ հողի վրա գործած հանցագործություն։ Կարծում եմ՝ այս վճիռը չափազանց խոսուն է։ Այն միանգամայն հասկանալի է դարձնում, թե ինչ ենք մենք խոսում, երբ առավոտից երեկո արձանագրում ենք կենսական անվտանգության մասին մեր թեզը՝ հստակ նշելով, որ այն զիջման ենթակա չէ»,- նշեց պատգամավորը։
Հայրապետյանը հիշեց, որ Ադրբեջանը իր առաջնային ուղղություններից մեկն է հայտարարել մուլտիկուլտուրալիզմը։
«Ի՞նչ մուլտիկուլտուրալիզմի մասին խոսք կարող է գնալ, երբ էթնիկ հողի վրա դաժան հանցանք գործած մարդասպանը հերոսացվում և պարգևատրվում է անձամբ երկրի նախագահի կողմից։ Եթե մենք տեսնենք, թե ինչպիսի հերոսներ ունի մեր հարևան հակառակորդը, կհասկանանք, թե ինչպիսի երկրի հետ մենք գործ ունենք»,- նշեց իմքայլական պատգամավորը։