ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու նախագիծը, որով առաջարկվում է վավերացնել փոփոխություններ նախատեսող արձանագրությունը:
«Ղրղզստանի Հանրապետությունը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանձնել է որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ միանալով գործող մաքսատուրքերին։ Բայց հաշվի առնելով հանգամանքը, որ մաքսատուրքերին միացումը կբերեր որոշակի ապրանքների թանկացմանը, վերջիններիս տրվել է առավելություն 5 տարի ժամանակահատվածով կիրառել արտոնյալ մաքսային դրույքաչափեր այն ապրանքների նկատմամբ, որոնք կսպառվեն Ղրղզստանի Հանրապետությունում։ Դրանք մոտ 221 ապրանքատեսակներ են, որից 82-ը վերաբերում են 87 ապրանքային խմբին դասվող տրանսպորտային միջոցներին»,- նշեց Սիմոնյանը։
Փոխնախարարն ասաց, որ 2019 թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների կողմից որոշում կայացվեց, որ արտոնությունները 2020 թ. ևս 1 տարով երկարաձգվեն, բացառությամբ տրանսպորտային միջոցների: Ընդհանուր առմամբ, 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ համաձայնագիրը շատ կարևոր է, քանի որ Հայաստանի անդամակցության դեպքում նույնպես 5 տարի զգայուն ապրանքների գծով մենք ունեցանք արտոնություններ։
«Այստեղ մեկ առանձնահատկություն կա․ այդ արտոնությունները հենց այնպես չեն տրվել Հայաստանին։ Քանի որ երրորդ երկրներից եկող ապրանքների մաքսատուրքերի առումով արդեն գործում էր ընդհանուր կաթսան, ապա այդտեղ մեր մաքսատուրքի տոկոսը 1,11 էր։ Երրորդ կամ չորրորդ տարվանից մաքսատուրքը աճեց 1,22-ի»,- նշեց Մելքումյանը՝ հավելելով, որ շատերը նշում են, թե ավելի լավ կլիներ, եթե մենք ունենայինք ընդհանուր կաթսայից բարձր տոկոս, քան այդ արտոնություններն ունենայինք։
Մելքումյանը նշեց, որ ինքն այդ կարծիքին չէ, արտոնություններն ունեն նաև լրջագույն սոցիալական նշանակություն։
«Երբ այդ արտոնությունները տալիս են, դրանք նաև տեղական արտադրությունը զարգացնելու հետ են կապված։ Այսինքն՝ այս ընթացքում այն, ինչ մենք ներկրում ենք երրորդ երկրներից, շատ ապրանքատեսակների մենք պետք է տեղական արտադրությունը զարգացնեինք, որ խնդիրը կոմպենսացնեինք։ Օրինակ՝ թռչնամսի հետ կապված, որ պետք է հասներ 80 տոկոսի, մենք ընդամենը պահանջարկի 26,6 տոկոսն ենք մեր տեղական արտադրությամբ ապահովում։ Երկրորդը՝ մինչև 2020-ի հունվարի 1-ը հսկայական մուտքեր մեր պետական բյուջե բերեցին մեքենաների ներկրումի արտոնությունից ստացված մուտքերը։ Եթե չեմ սխալվում, 90 միլիարդ դրամից պակաս չէին այդ մուտքերը»,- նշեց Մելքումյանը։
Մելքումյանը նշեց, որ 5 տարվա արտոնյալ ժամկետից բխող լուծումներն այնքան էլ արդյունավետ չեն օգտագործվել, բայց մեկ տարով երկարացնելու արդյունքում սա կտարածվի նաև հունվարի 1-ից հետո տեղի ունեցած իրավահարաբերությունների վրա, և կփոխհատուցվեն ներկրողների գումարները։
«Մարդիկ բերել են վճարել են նոր մաքսատուրքերով, այդ տարբերությունները հաստատ լինելու են։ Կարծեմ՝ բնակչության մոտ սա կառաջացնի 30 միլիոն դոլարի որոշակի խնայողություն։ 3 տոկոսով էլ գնաճի վրա բարերար ազդեցություն կունենա»,- նշեց Մելքումյանը։