ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում ներկայացրեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Պապիկյանը կարևորեց նախագիծը՝ նշելով, որ այն հեղինակել են խորհրդարանական երեք խմբակցությունների անդամները, և դա կարևոր նախադեպ է։
Նախարարը նշեց, որ օրենքի կարևորությունը ընդգծվում է նաև նրանով, որ 2018-ին, երբ ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, անհրաժեշտություն է առաջացել տեղական մակարդակում ունենալ խորհրդարանական մոդելին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ավագանու իրական լիազորություններն ընդգծող և միևնույն ժամանակ դա ապահովող իրավական նորմեր։
«Նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 4 հազար ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ, 4 հազար և ավելի ընտրող ունեցող նաև բազմաբնակավայր համայնքներում՝ ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Սա նշանակում է, որ 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքներում պետք է լինեն համամասնական ընտրակարգով ընտրություններ, որոնց կմասնակցեն կուսակցություններն ու դաշինքները։ Սա կարևոր է նրանով, որ կուսակցություններն իրենց ունեցած էլեկտորատը այլևս կարողանալու են ամբողջությամբ 5 տարի շարունակ ավագանիում իրացնել»,- նշեց Պապիկյանը։
Նախարարն ասաց, որ նախկինում ունեցել են դեպքեր, երբ համայնքի ղեկավարը 1-2 տոկոսով, երբեմն՝ մի քանի ձայնով պարտություն է կրել, և տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը 5 տարի շարունակ դուրս է մղվել տվյալ համայնքում քաղաքական դերակատարում ունենալուց։
Համայնքի ղեկավարի ընտրության օրը պետք է սահմանվի ԿԸՀ-ի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետը լրանալու օրվան առավել մոտ օրը՝ նշեց Պապիկյանը։
«Փոփոխություններ են սահմանվում նաև համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, գրավի չափի։ Առաջարկվում է անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս՝ գործող 6-ի փոխարեն։ Իսկ կուսակցությունների դաշինքի համար 6 տոկոս՝ գործող 8-ի փոխարեն, և եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 կամ 6 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացած կուսակցությունները և դաշինքները»,- նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը՝ հավելելով, որ սա կապահովի ներառականություն։