Խորհրդարանական լսումների ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ ավարտել են դիմակների հետ կապված՝ շուկայում ծագած խնդիրների վերաբերյալ ուսումնասիրությունը:
«Վաղը, կարծում եմ, հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության փաստի հիմքով վարույթի հարուցումը։ Հետևյալ երևույթն է տեղի ունեցել. մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիս ժամանակահատվածը, համեմատել ենք մեծածախ և մանրածախ վաճառք իրականացնող բոլոր 7 խոշոր ընկերությունների մարժաները և գնային քաղաքականությունները։
Նախ՝ ներկրման արժեքը մոտ 10 անգամ թանկացել է, բայց, բացի դրանից, մի հատ մեծածախ ձեռքբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, մի հատ էլ մանրածախ վաճառքի կետում է մարժա կիրառվում»,- նշեց Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ նաև դիմակների միջազգային գներին՝ ընդգծելով, որ, օրինակ, Ռուսաստանում այն Հայաստանից թանկ է, բայց Վրաստանում Հայաստանից էժան է մի փոքր։ Նրա խոսքով՝ ՀՀ-ում արտադրված դիմակը տնտեսվարողները ձեռք են բերում մեծածախ, հետո վաճառում են դեղատներին, այսինքն՝ 2 մարժա է կիրառվում։
Ըստ Գևորգյանի՝ պարետատան նիստում երեկ քննարկել են, ու գաղափար կա, որ դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառվեն
«Այս պարագայում, կարծում եմ, դիմակի գինը մոտ 100 դրամով կիջնի, քանի որ միջնորդներն ուղղակի դուրս կգան»,- տեղեկացրեց նա: