ԱԺ-ում այսօր անցկացվում են խորհրդարանական լսումներ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվության վերաբերյալ:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի կատարողականը գնահատում են՝ հիմք ընդունելով Համաշխարհային տնտեսական ֆորումի չափանիշները, ըստ որի՝ 12 հենասյունով գնահատվում է մրցակցության ազդեցությունը տվյալ երկրի տնտեսության վրա։ ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրեց, որ, օրինակ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցուցանիշով Հայաստանը 24-րդ տեղում է, հարևան երկրների համեմատ բարելավված դիրքում։
«Հարկերի ու սուբսիդիաների խաթարող ազդեցության ցուցանիշով հանձնաժողովը 47-րդ հորիզոնականից տեղափոխվեց 35-րդ հորիզոնական։ Ծառայությունների ոլորտում մրցակցության բարելավման դիրքով Հայաստանը 41-րդ կետից իջել է 19-րդ կետ»,- ասաց Գևորգյանը՝ նշելով որ այդ ցուցանիշների բարելավումը ոչ միայն հանձնաժողովի, այլև ամբողջ կառավարման համակարգի կատարած աշխատանքի արդյունքն է։
Գևորգյանը շեշտեց, որ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս՝ տնտեսական մրցակցության պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովների կատարված աշխատանքը իր ազդեցությունն է թողնում տնտեսական աճի և տնտեսության զարգացման վրա։
«2017-18 թթ. չեն եղել հակամրցակցային վարույթներ, 2019 թվականին եղել է 2 վարույթ։ Գերիշխող դիրքի չարաշահման առումով 2017 թվականին եղել է 5 վարույթ, 2018-ին՝ 3 վարույթ, իսկ 2019-ին՝ 20 վարույթ»,- հայտնեց ՏՄՊՊՀ նախագահը՝ ավելացնելով, որ ամենատարածվածը անբարեխիղճ մրցակցության հետ կապված վարույթներն են: Գևորգյանի տեղեկացմամբ՝ այդ առումով 2019 թվականին ՏՄՊՊՀ-ում եղել է 57 վարույթ։
Պետական մարմինների հակամրցակցային գործողություններին անդրադառնալով՝ Գևորգյանը նշեց, որ 2017-18 թթ. եղել է 0 վարույթ, 2019 թվականին՝ 6 վարույթ։
«Սա կարևոր հաղորդագրություն է հասարակությանը, որ ինքնավար մարմինները սկսել են գործընթացներ գեներացնել հենց պետական մարմինների կողմից մրցակցության օրենսդրությանը խախտում պարունակող գործողությունների դեմ»,- շեշտեց նա։