«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ՏՄՊՊՀ նախագահին, ասաց, որ նրանց աշխատանքը պետք է ավելի օպերատիվ լինի, քանի որ ԱԺ գալուց առաջ Կենտրոն և Արաբկիր համայնքներում առնվազն 12 դեղատուն է այցելել, բայց որևէ տեղ 150-160 դրամով դիմակ չի տեսել։ Ըստ Զոհրաբյանի՝ դիմակների գինը եղել է 210-213 դրամ։ Պատգամավորը հարցրեց՝ չգիտե՞ք ովքեր են այդ դիմակներ ներկրողները, որոնք 20 դրամով էլ էին գերշահույթ ստանում, 220 դրամով էլ են հիմա ստանում, արդեն՝ սուպեր գերշահույթ։
ՏՄՊՊՀ նախագահն ասաց՝ տեղյակ են, որ 220 դրամով էլ է դիմակ վաճառվում։ Նաև հավելեց, որ ցանկացած ինֆորմացիայի դեպքում դրանք պետք է փաստաթղթավորեն։
«Օրինակ, տեսել ենք 220 դրամով ծախում է դիմակը՝ պետք է պահանջենք ներմուծման փաստաթղթերը, որ տեսնենք՝ ինչքան է, ումից է ձեռք բերել, համեմատենք նախորդ մարժայի հետ։ Հատկորոշենք գերիշխող դիրք ունեցող ու արդյունքում կարողանանք պատասխանատվության ենթարկել։ Եթե օպերատիվ աշխատանքը ենթադրում է, որ ես զանգեմ ներմուծողներին, ասեմ՝ գնացեք, դիմակի գինը 60 դրամ իջեցրեք, թե չէ՝ ձեզ պատասխանատվության կենթարկեմ, դա կորակվի իմ պաշտոնեական լիազորությունների սահմանազանցում»,- շեշտեց Գևորգյանը։
ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ պաշտոնապես հաղորդագրություն են ուղարկել բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, նրանց հետ ամենօրյա կապի մեջ են և տվյալներ են պահանջում։ Գևորգյանի խոսքով՝ որպեսզի կարողանան մարդուն պատասխանատվության ենթարկել, առնվազն պետք է որոշ ժամանակահատված դիտարկեն, եթե նույնիսկ մեկ օրում գինը բարձրացնի, դրա համար որևէ բան չեն կարող անել։ Ընդգծեց՝ դա ամբողջ աշխարհի փորձն է։
«Հայաստանում դիմակի ձեռքբերման գինը այսօր տատանվում է 113-140 դրամ։ Դա ձեռքբերման գինն է՝ միջազգային շուկայից և տեղական արտադրանքի ինքնարժեքը։ Սրանից էժան մենք փաստ չունենք։ Եթե ունենանք, և պարզվի, որ խաբել են, ապա ավելի վատ կվարվենք նրանց հետ»,- ասաց Գևորգյանը։