Խորհրդարանական լսումների ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանձնաժողովի 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս առանձնացրեց նաև գերիշխող դիրքի չարաշահման կապակցությամբ հարուցված վարույթները։ Նա ասաց, որ կորոնավիրուսի պայմաններում ամենաշատ քննարկվող հարցն է՝ գների բարձրացումը, իջեցումը օրենսդրության տեսանկունից պատժելի՞ է արդյոք, և հանձնաժողովն այդ առումով ունի՞ լիազորություն։
Գևորգյանն ընդգծեց, որ հանձնաժողովն ունի նման լիազորություն, եթե տնտեսվարող սուբյեկտներն ունեն գերիշխող դիրք։ ՏՄՊՊՀ նախագահը շեշտեց, որ հստակ սահմանված է նաև «գերիշխող դիրք» հասկացությունը, թե շուկայի որ մասնաբաժնի պարագայում տնտեսվարող սուբյեկտը ունի շուկայական իշխանություն։
«Գնի բարձրացման ամեն պարագայում մենք չենք կարող միանգամից սկսել վարույթ հարուցել։ Պետք է հատկորոշենք կոնկրետ ապրանքային շուկան, տնտեսվարող սուբյեկտի տեղադիրքը այդ շուկայում և միայն այդ պարագայում սկսենք վարույթ»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ 2019 թվականին գերիշխող դիրքի չարաշահման 20 դեպքի վարույթ են հարուցել, երբ 2017-18 թվականններին եղել են, համապատասխանաբար, 5 և 3 վարույթներ։ Գևորգյանը կարծում է, որ 2020 թվականին գերիշխող դիրքի չարաշահումների փաստի հիմքով վարույթների քանակն ավելի շատ կլինի։
Անդրադառնալով համակենտրոնացումներին՝ տնտեսության վրա ազդեցություն ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտների միացումներին, Գևորգյանը մանրամասնեց, որ երբ տարեկան շրջանառության սահմանաչափը գերազանցում են, ընկերությունների միջև գործարքը պետք է ներկայացնեն հանձնաժողովի դատին։ Նա հույս հայտնեց, որ իրազեկման աշխատանքները կհանգեցնեն այն բանին, որ չհայտարարագրված համակենտրոնացումների քանակը կնվազի։
«Ամենավառ օրինակը համակենտրոնացման՝ 2019 թվականին հանձնաժողով բերված «Վեոն Արմենիա» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միաձուլման խնդիրն էր։ 2020 թվականին «Վեոն Արմենիան» դիմում ներկայացրեց հանձնաժողով, հրաժարվեց գործարքի իր կողմից կատարումից, և հանձնաժողովը դրա հետ կապված վարույթը կարճեց, սակայն մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք իրականացրել հեռահաղորդակցության ոլորտում, որը որպես շուկայի ուսումնասիրություն, կներկայացնենք հանրության դատին։
Նման գործքարքները շատ կարևոր են, որ կարողանանք կանխարգելել շուկաներում գերիշխող կամ մենաշնորհ ունեցող ընկերությունների առաջացումը և դրանից հետո շուկայում մրցակցության սահմանափակումը»,-ասաց ՏՄՊՊՀ ղեկավարը։