ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով նախկին դատապարտյալ Մասիս Այվազյանին՝ հռչակելով նրա անմեղությունը՝ Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Մ.Այվազյանի որդին՝ Նարեկ Այվազյանը:
Հիշեցնենք՝ Այվազյանը ձերբակավել էր 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան: Արդեն հունիսի 11-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման:
2019 թ. դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը, ի թիվս այլ գործերի, վճռաբեկ բողոք էր ներկայացրել նաև Մասիս Այվազյանի գործով: Ըստ այդ բողոքի, գործի քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը անօրինական և չհիմնավորված է և խաթարում է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ դատարանն էլ այսօր բավարարել է դատախազության բողոքը՝ հռչակելով Այվազյանի անմեղությունը: