«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու պատգամավոր Մանե Թանդիլյանը հրավիրված ասուլիսին անդրադարձան խորհրդարանում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած արձագանքներին ու իրադարձություններին:
Մարուքյանը նշեց, որ խորհրդարանում տեղի ունեցածի առիթով իրենք քաղաքական գնահատական էին ակնկալում, սակայն այն չտրվեց, այլ ամենաբարձր մակարդակով արդարացվեց։
«Ընդդիմադիր խոսքը, քննադատական խոսքը, այլընտրանքային մոտեցումների ներկայացումը գնահատվեց որպես սադրանք, որից հետո, հիմա տեսնում եք՝ տարբեր հարթակներում քննադատական խոսքին ասում են սադրանք։ Կարող ենք արձանագրել, որ գործող իշխանությունը ամբողջությամբ շեղված է հեղափոխության արժեքներից»,- նշեց Մարուքյանը։
Իրավական գնահատականի մասով Մարուքյանը նշեց, որ ՀՔԾ-ն շաբաթ օրը հաղորդագրություն է տարածել, որ քրեական գործի հարուցումը մերժվել է նյութերով։
«Մենք արձանագրում ենք, որ ընդդիմադիր խոսքը պիտակավորվում է որպես սադրանք, արդարացվում է մարդուն հետևից հարվածելը: Իրավական պրոցեդուրաները չեն գնում իրավունքի գերակայության համատեքստում: Եթե իշխանական պատգամավոր բռնության ենթարկվեր, անպայման կհարուցվեր քրեական գործ, եթե իշխանական պատգամավոր բռնության ենթարկվեր, անպայման խափանման միջոցը կլիներ կալանքը։ Եթե ընդդիմությունն է բռնության ենթարկվել, ստացվում է՝ խնդիր չէ: Հիմա մենք գործ ունենք բռնությունն արդարացնողների հետ: Սրանք արձանագրումներ են, որոնք մենք արել ենք այս ընդմիջման ընթացքում»,- նշեց խմբակցության ղեկավարը:
Մարուքյանը նշեց, որ իրենց քաղաքական օրակարգից շեղել հնարավոր չի լինելու։