ՀՀ ԱՆ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշել է, որ մեր երկրում արվում են հակահամաճարակային բոլոր այն միջոցառումները, որոնք արվում են մյուս երկրներում, բայց մեր քաղաքացիների վերաբերմունքը համավարակին նույնը չէ, ինչ մյուս երկրների քաղաքացիներինը։
«Նախ՝ դիմակ կրելը մեկ բան է, ճիշտ կրելը այլ բան է, որ կարողանանք այս միջոցառումներն ավելի արդյունավետ իրականացնել։ Բոլոր երկրներում արվում են այն միջոցառումները, ինչ արվում է Հայաստանի Հանրապետությունում, ուղղակի այստեղ մի փոքր կարգապահության հարց կա, նաև վերաբերմունք է պահանջում այս հիվանդությունը և աչալրջություն։ Ուղղակի պետք է հորդորներին ականջալուր լինել, այն առաջարկությունները, որոնք այսօր պետական ատյանների կողմից հրապարակվում են, պետք է իրականացնել։ Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվությունը վերցնենք մեզ վրա, որ կարողանանք այս իրավիճակից հավուր պատշաճի դուրս գալ»,- նշեց Թորոսյանը։
Համաճարակաբանը հորդորեց՝ թուլություն, տկարություն զգալիս խուսափել աշխատանքի գնալուց և տնից դուրս գալիս, աշխատանքի գնալիս, հանրային տրանսպորտից օգտվելիս, բազմամարդ վայրերում կիրառել պաշտպանիչ բոլոր միջոցառումները՝ դիմակներ, ձեռնոցներ կրել, ախտահանումներ անել հաճախակի։
«Դիմակը պետք է կրել ճիշտ․ մետաղական լարը վերև՝ հպված քթի ոսկրային հատվածին, և փակված ամբողջ բերանային հատվածը։ Ոչ թե դիմակը կրել քթի տակից, ինչը բացարձակապես արդյունավետ չէ։ Անընդհատ ձեռքերը լվանալ, ախտահանել, պահպանել սոցիալական հեռավորություն՝ 1,5-2 մետր, փակ տարածքները օդափոխել, անընդհատ ջերմաչափվել, որ ինքներս կարողանանք մեր մարմնի ջերմությունը մոնիթորինգի ենթարկել»,- նշեց Լիանա Թորոսյանը։
ԱՆ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը հորդրեց հնարավորության սահմաններում մասսայական միջոցառումներից խուսափել, հուղարկավորության արարողությունները կազմակերպել հնարավորինս փոքր կազմով։