Ամբողջ աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվն անցել է 5 ու կես միլիոնի սահմանը և այսօրվա դրությամբ կազմում է 5,513,369 մարդ՝ հայտնում է Worldometers կայքը: Այն տարածված է աշխարհի 213 երկրում։ 346,868 մահ է գրանցվել, իսկ շուրջ 2 միլիոն (2,309,246) մարդ էլ ապաքինվել է: Աշխարհում այս պահին ակտիվ դեպքերի թիվը 2,857,255 է, որի 2 տոկոսի (53,211 մարդ) վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Վարակի ընդհանուր դեպքերից 1,910,992-ը գրանցվել է Եվրոպայում, իսկ աշխարհում կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի շուրջ կեսը՝ 169,948-ը, գրանցվել է այս աշխարհամասում։ Երեկ աշխարհամասում ընդհանուր առմամբ 15 հազար նոր դեպք է գրանցվել, մահվան՝ 569 նոր դեպք, իսկ ապաքինվել է 889,269 մարդ։
Ասիա աշխարհամասում 964,429 դեպք է գրանցվել։ Այստեղ առաջատար երկիրը Թուրքիան է։ Ընդհանուր առմամբ՝ 27,501 մահվան դեպք է գրանցվել, 560,096 մարդ էլ ապաքինվել է։
633,783 դեպք էլ Հարավային Ամերիկայում է գրանցվել։ Դեպքերի կեսից ավելին բաժին է ընկնում Բրազիլիային։ Հարավամերիկյան մայրցամաքում 31,512 մահվան դեպք է գրանցվել, 242,207 մարդ էլ ապաքինվել է։
Մայրցամաքներից ամենից բարվոք վիճակում «սև մայրցամաքն է»։ Այստեղ վարակի 113,865 դեպք կա։ Դեպքերի թվով առաջատար երկիրը Հարավաֆրիկյան Հանրապետությունն է՝ 22,583 դեպք: Ընդհանուր առմամբ մայրցամաքում 46,306 մարդ ապաքինվել է, 3,375 մարդ՝ մահացել։
Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում 1,880,853 դեպք է գրանցվել, որի մեծագույն մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Նույնը վերաբերում է մահվան և ապաքինման թվերին, քանի որ վարակվածների թվով երկրորդը մայրցամաքում Կանադան է, որտեղ գրանցվել է 84,699 դեպք։
Կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենամեծ ցուցանիշը մեկ օրվա ընթացքում երեկ գրանցվել է ԱՄՆ-ում. 19 հազարից ավելի դեպք: ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 1,686,436-ի, որով աշխարհում առաջինն է, մահացել է շուրջ 100 հազար մարդ, առողջացել՝ 451,702 մարդ։
Վարակակիրների թվով երկրորդ երկիրը Ամերիկա մայրցամաքից է, բայց՝ Հարավային։ Բրազիլիան շրջանցել է Ռուսաստանին. երեկ այստեղ գրանցվել է 16 հազարից ավելի դեպք: Ընդհանուր առմամբ՝ երկրում գրանցվել է 365,213 դեպք, որից 22,746-ը ունեցել են մահվան ելք, իսկ 149,911-ը ապաքինվել են:
Ռուսաստանը վարակվածների թվով երրորդ երկիրն է. այստեղ գրանցվել է վարակի 353,427 դեպք, մահացել է 3,633 մարդ, 118,798 մարդ էլ ապաքինվել է։
Վարակակիրներով աշխարհում չորրորդ երկիրը հանդիսացող Իսպանիայում նոր վարակների թիվը գնալով նվազում է: Երեկ իսպանիայում վարակի 482 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ վարակակիրների թիվը 282,852 է, մահացել է 28,752 մարդ, առողջացել է 196,958 մարդ։
Վարակակիրների թվով հինգերորդն աշխարհում Մեծ Բրիտանիան է: Միացյալ Թագավորությունում գրանցվել է 259,559 դեպք, որից 36,793 մարդ մահացել է: Մահվան ցուցանիշով Միացյալ Թագավորությունը զիջում է միայն ԱՄՆ-ին։ Ապաքինվածների մասին տվյալներ երկիրը չի հայտնում:
Համավարակի եվրոպական օջախը համարվող Իտալիան արդեն քանի օր է՝ առաջատար հնգյակում չէ: Երեկ այս երկրում 531 նոր դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ՝ 229,858 դեպք է գրանցվել, 32,785 մահ, իսկ 140,479 մարդ էլ հասցրել է ապաքինվել նոր տեսակի կորոնավիրուսից:
Ֆրանսիայում վարակվածների թիվը 182,584 է, երեկ այստեղ շուրջ 115 նոր դեպք է գրանցվել: Ֆրանսիայում թագավարակից մահացել է 28,367 մարդ, առողջացել՝ 64,617 մարդ։
Գերմանիայում 180,328 մարդ է վարակվել, մահերի թիվը 8,371 է, առողջացել է 161,200-ը: այստեղ երեկ գրանցվել է շուրջ 342 նոր դեպք:
Թուրքիայում կորոնավիրուսի վարակի գրանցված դեպքերի թիվը 156,827 է. այստեղ մահացել է 4,340 մարդ, ապաքինվել՝ 118,694-ը:
Առաջատար տասնյակն արդեն եզրափակում է Հնդկաստանը։ Այստեղ գրանցվել է 139,049 դեպք, որից 4,024-ը ավարտվել է մահվան ելքով, իսկ 57,721-ը ապաքինվել է։
Հարևան Իրանում 135,701 ընդհանուր դեպք կա: 7,417 մարդ մահացել է, իսկ շուրջ 105,801 մարդ՝ ապաքինվել:
Ադրբեջանում 4,122 վարակված կա, 49 հոգի մահացել է: Վրաստանում 731 վարակակիր կա, 12-ը մահացել են, 526 մարդ՝ ապաքինվել։
Վարակի հայրենիքում՝ Չինաստանում, այսօր 11 նոր դեպք է գրանցվել: 82,985 վարակվածներից ապաքինվել է 78,268 մարդ, իսկ 4,634 մարդ՝ մահացել: Ընդհանուր առմամբ Չինաստանում մնացել է 83 վարակակիր: