Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Հատուկ քննչական ծառայությունում էր։ Սա նրա երկրորդ այցն է ՀՔԾ, բայց ծառայությունից չեն մեկնաբանում, թե որ գործով։
Հիշեցնենք՝ մայիսի 13-ին ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա։ Երրորդ նախագահի փեսան հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել հանդիպել իրեն, իսկ արդեն հանդիպման ժամանակ առաջարկել է խորհրդանշական գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից մեկին՝ քրեական գործերի քաշքշուկից ազատվելու համար: Ի դեպ, Վանեցյանը ՀՔԾ էր եկել ռուսական պետհամարանիշով ավտոմեքենայով: