«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների փոխազդեցությանը։ Պատգամավորը նշեց, որ թյուր պատկերացումներ կան ձեռքբերման համակարգում, երբ ասում են, որ այն ազատ է և ցանկացած ներդրող կարող է ապրանք ներդնել։
Բագրատյանը շեշտեց, որ նախկինում որոշակի կոռուպցիոն համակարգերի ձևավորման արդյունքում ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակվել են։
«Մասշտաբի էֆեկտը կեղծ հասկացություն է։ Չի կարելի դրա հիման վրա տնտեսական վերլուծություններ անել։ Ձեռքբերման նոր շուկաների խնդիր ունենք, երկար ժամանակ նույն շուկաներով աշխատել են տնտեսվարողները, և այլևս նոր շուկաների խնդիր ունենք։ Ամեն օր որևէ երկրում սկսվում է ցանկացած ապրանքի նոր արտադրություն։ Եթե որևէ մեկն ասում է, որ բրինձը ներկրում է իքս երկրից, և սա լավագույնն է, և մասշտաբի էֆեկտով դա ամենաէժանն է, չկա նման բան, քանի որ ամեն հաջորդ օրը նոր արտադրող է ծնվում աշխարհում»,- ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով շուկաներում առկա իրացման համակարգերին, մոնոպոլիաներին՝ պատգամավորը նշեց, որ երկար ժամանակ նման ցիկլերը աշխատել են դրսում կոռուպցիոն սխեմաներ ունենալու արդյունքում։ Ասաց, որ երբ նոր երկրից ձեռքբերում են ունենում, այևս այդ կոռուպցիոն սխեման չի աշխատում։ Օրինակ՝ ներկայացրեց դիզվառելիքի գնի՝ 400-ից 280 դրամի իջեցումը։
Բագրատյանի խոսքով՝ երկար ժամանակ լոբբինգ է արվել լավ օրենք գրողների հետ, և իրենց ապրանքին համապատասխան օրենսդրություն է գրվել։ Ասաց՝ աշխատատեղերի ստեղծման լավագույն ճանապարհը այդ գերիշխող դիրքերը ջարդուփշուր անելն է։
«Եթե մի ապրանքատեսակից տվյալ մոնոպոլ դիրք ունեցող ընկերությունը տարեկան ունենում է 50 միլիոն դոլար շահույթ, այդ նույն շուկայում, եթե 100 հոգի աշխատի, յուրաքանչյուրը կունենա 500 հազար շահույթ։ Այդ 100 հոգին յուրաքանչյուրը 100 հոգու հետ կաշխատի, և 10,000 մարդու աշխատատեղ կունենանք մեկ ապրանքային շուկայում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ տնտեսությունը պետք է քաղաքականությանը զուգընթաց գործի։