Այսօրվանից տնից դուրս գալիս առաջին անհրաժեշտության իրերին՝ հեռախոսին, դրամապանակին, բանալիներին, ավելանում է նաև դեմքի պաշտպանիչ դիմակը։
Հանրային բաց վայրերում շրջելիս ոչ միայն պետք է ունենալ դիմակ, այլև այն կրելը պարտադիր է: Դիմակը պետք է կրել ամենուր՝ և՛ հանրային բաց, և՛ փակ վայրերում, և՛ մեքենայի մեջ, և՛ հանրային տրանսպորտում, և՛.․․ և՛․․․
Պարետի որոշումն արդեն ուժի մեջ է:
Առանց դիմակի շրջող մարդիկ կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանվելով նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։
Պարետատան նոր որոշմամբ՝ պետք է մեքենայում գտնվող ուղևորն ու վարորդը լինեն դիմակներով, և կապ չունի՝ նրանք մեկ ընտանիքի անդամներ են, հարազատներ կամ ամուսիններ՝ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցանկացած մեքենայի մեջ 1-ից ավելի անձինք երթևեկելիս, եթե մեքենայում 1-ից ավելի մարդ կա, ուրեմն բոլորն առանց բացառության պետք է լինեն դիմակով, և դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության: Դիմակի կրման կանոնները և ձեռքերի ախտահանման կանոնները պահպանելով՝ մենք նվազեցնում ենք կորոնավիրուսակիրների թիվը: Մենք եկել ենք եզրակացության, որ անգամ տանը պատրաստված, ինքնագործ դիմակները կարող են պաշտպանել քաղաքացիներին կորոնավիրուսի վտանգներից»,- նշեց վարչապետը:
Այսօր վարչապետը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Կառավարության այլ անդամներ օրը մեկնարկել են ֆլեշմոբով՝ հիշեցնելով դիմակ կրելու անհրաժեշտության և անխուսափելիության մասին։
«Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որևէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»,- իր նկարներին կից գրառել է վարչապետը։
Առողջապահական գերատեսչության ղեկավարն էլ ներ նկար է տեղդրել՝ պաշտպանիչ դիմակով ու այն վերնագրել՝ նոր նորմալը։
Մեկ շաբաթ է՝ աշխատանքն է վերսկսել հանրային տրանսպորտը, որում դիմակ կրելը պարտադիր է անխտիր բոլորի համար, իսկ ձեռնոց կրելը՝ ցանկալի և՛ ուղևորների, և՛ վարորդների համար: Արգելվում է հանրային տրանսպորտի երթևեկը, եթե կանգնած ուղևորներ կան, բացառությամբ 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների, խոսքը տրոլեյբուսների մասին է: