Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր շրջանավարտներին հղած ուղերձում մասնավորապես ասել է․
«Սիրելի շրջանավարտներ,
Այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երևույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան: Այլևս դպրոցական չեք: Գիտեմ՝ սա տխրությամբ եք արձանագրում: Սակայն, միևնույն ժամանակ, ուրախ եք, որ մեծացել ու հասունացել եք, որ կարող եք ավելի ինքնուրույն շարժվել առաջ, որ ընդառաջ եք գնում նոր մարտահրավերների, որ ավելի խորն ու անմիջականորեն եք տեսնելու և զգալու՝ կյանքը միշտ գեղեցիկ է, որքան էլ այն բարդ է ու անկանխատեսելի:
Սիրելինե՛րս,
Այս ուսումնական տարվա ավարտը յուրահատուկ է, ինչպես յուրահատուկ է մեր երկրի ու ողջ աշխարհի անցուդարձը վերջին մի քանի ամիսներին: Բայց այն իր մեջ մարդկային շատ բան ունի և առաջ մղող մեծ, թվում է՝ անտեսանելի ուժ:
Դուք ավելի շատ ժամանակ ունեցաք տեսնելու ինքներդ ձեզ, ավելի մոտիկ լինելու ձեր ընտանիքներին, ավելի լավ հասկանալու ձեր զգացմունքն ու ավելի երկար մտորելու երեկվա, այսօրվա ու վաղվա մասին: Ձեր ծնողներն ու հարազատները նույնպես ավելի շատ հնարավորություն ունեցան հասկանալու ձեզ, նայելու ձեր դեմքին ու ձեր հոգու մեջ:
Դուք հեռու էիք ձեր ընկերներից ու նրանց հետ ամենօրյա սովորական շփումներից: Բայց դրա շնորհիվ դուք նաև հնարավորություն ունեցաք ավելի լավ ճանաչելու նրանց և ավելի շատ գնահատել ընկերությունն ու դասարանի՝ որպես ընտանիքի, և դպրոցի՝ որպես տան արժեքը: Դպրոցը հանդիպման վայր է, միտք ու զգացմունք կիսելու, առաջին անգամ սիրահարվելու և սեր խոստովանելու, հասունության վայր: Բայց, իհարկե, այն նախ և առաջ, կրթություն, գիտելիք ստանալու ակունքն է:
Իմ պատանի՛ հայրենակիցներ,
Ժամանակը, աշխարհը խելահեղորեն շտապում են: Գիտելիքը ձեզ օգնելու է կողմնորոշվել ու տեղորոշվել, օգնելու է նայել ինչպես անմիջապես ձեր ոտքերի առաջ, այնպես էլ առաջին հայացքից չերևացող հեռուն: Ամուր բռնեք գիտելիքի ձեռքից, միաժամանակ զարգացնելով ձեր ընդունակություններն ու հմտություններն, ինչու չէ, նաև տաղանդը:
Գիտելիքը ձեզ առաջնորդելու է ողջ կյանքում՝ կենսափորձի, տեղեկացվածության, բանալու տեսքով՝ այսօր և վաղը, հիմա և հետո: Հետո-ն արդեն իսկ եկել է, այն սկսվել է երեկվանից և մեզ թափով հրում է առաջ։ Մեզ ստիպում է մտածել ավելի արագ, գործել ավելի արագ, գործել ավելի արդյունավետ։ Վստահ եմ, որ դուք լավագույնս եք կարողանալու օգտվել մտածելու, ստեղծելու, ստեղծագործելու, և իհարկե, ապրելու այսօրվա հնարավորությունից: Այս ամիսների ընթացքում դուք ավելի հմտորեն տիրապետեցիք տեղեկատվական տեխնոլոգիաներին և կրթության նոր մեթոդներին, ավելի լավ տեղեկացաք և ավելի հստակ պատկերացրեցիք, թե դեպի ուր և ինչպես է շարժվում աշխարհը:
Սիրելի՛ շրջանավարտներ,
Այն զանգը, որ ավանդաբար պետք է հնչեր դպրոցում ու ձեզ ճանապարհեր դեպի նոր կյանք, թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում՝ որպես ձեր երազանքների իրականացման կոչնակ:
Եղեք առողջ ու երջանիկ, եղեք լավատես ու վստահ, եղեք ուրախ և լայնախոհ:
Ապագան ձերն է, հատկապես որ այն ստեղծում եք հենց դուք:
Բարի ճանապարհ դեպի նոր կյանք»։