Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձով դիմել է շրջանավարտներին, որտեղ մասնավորապես ասվում է․
«Սիրելի շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, ձեզ համար այս կարևոր օրն այս տարի ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ:
Այսօր միևնույն վայրում ձեր տոնը նշելու և ուրախանալու հնարավորություն չունեք, սակայն վստահ եմ՝ հոգեպես միմյանց հետ եք: Հույս ունեմ, որ համատեղ ջանքերի արդյունքում այս իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի, ու բնականոն կյանքին վերադառնալուն պես, չնայած ուշացումով, այնուամենայնիվ լիարժեք կկարողանաք հավաքվել ու միասին կյանքի կոչել ձեր ավարտական միջոցառումը:
Սիրելի շրջանավարտվեր,
ձեզ համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծելու է կրթության և ինքնադրսևորման նորանոր հնարավորություններ, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը լինի այն վայրը, որտեղ դուք կկարողանաք լիարժեք իրացնել ձեր տաղանդը:
Կյանքի այս ծաղկուն շրջանում դուք պետք է օգտվեք բոլոր հնարավորություններից, որոնք թույլ կտան ստանալ մասնագիտական գիտելիքներ, փորձ և նոր հմտություններ։ Հորդորս է, որ այդ ուղղությամբ ներդնեք բոլոր ջանքերը, որպեսզի հետագայում կարողանաք առավել հեշտ հաղթահարել բոլոր դժվարությունները, դառնալ բարձր որակավորմամբ մասնագետներ և ձեր կարողություններով նպաստեք մեր երկրի զարգացմանն ու շենացմանը։
Սիրելի պատանիներ, դուք եք մեր պետության ապագան, և մենք վստահ ենք, որ ի դեմս ձեզ՝ ունենալու ենք նոր պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներում»։