Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և վերահսկման գործընթացում, ի թիվս կիրառվող սահմանափակումների, մեծ դեր և նշանակություն ունի նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Հարցն ավելի արդիական է դառնում, երբ խոսքը հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և մասնակցության մասին է՝ հարսանիք, թաղում, ծննդյան տոն և այլն։ Նմանատիպ զանգվածային միջոցառումներին մասնակցությունը, կուտակումները պատճառ են դառնում օրեր անց ավելի մեծ թվով դեպքերի արձանագրման։
Այս համատեքստում հարկ է ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Պարետի որոշմամբ արգելվում է 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը՝ այդ թվում, երբ խոսքը վերաբերում է հոգեհանգստի և թաղման արարողություններին։
Քաջ գիտակցելով մշակութային և ազգային առանձնահատկությունները, հարազատի, բարեկամի վիշտը կիսելու ներքին ցանկությունը՝ այդուհանդերձ, հարկ է խուսափել մասնակցությունից, քանզի դրանով մասնակցելով մեծացնում ենք բացառապես հանրային առողջապահական ռիսկը՝ այդ թվում հենց բարեկամների և հարազատների համար։ Այդպիսի դեպքեր արդեն արձանագրվել են մի շարք համայնքներում՝ ինչպես Դդմաշենում, Ոստանում Մրգավետում, Նորաշենում և այլն։ Ցավոք, միշտ չէ, որ ելքը կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունքով է ավարտվել, դրա հետևանքով արձանագրվել են նաև մահվան դեպքեր»,- ասված է ԱՆ հայտարարության մեջ: