ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանական լսումների ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյոք կարգավորվե՞լ է բանանի շուկայում նախկինում եղած մենաշնորհը, և հիմա ինչ վիճակ է դաշտում:
Գևորգյանը նշեց, որ բանանի շուկայում գնի փոքր-ինչ բարձրացում է նկատվում, բայց դաշտի «խաղացողների» քանակն անհամեմատ ավելացել է, ու մենաշնորհի մասին խոսք լինել չի կարող։
«770, 750, 630 դրամ է եղել բանանի գինը։ Մի տեսակում մոտ 120-130 դրամ թանկացում է տեղի ունեցել ուսումնասիրվող ժամանակահատվածում, մյուս տեսակում՝ ավելի քիչ։ Եթե ներմուծման գները բարձրացրած չլինեն, այսինքն՝ տրանսպորտային փոխադրումների գները բարձրացած չեղան, որովհետև դոլարն այսքան չի թանկացել, դոլարի իջնելու հետ՝ պետք է իջներ։ Բայց մենաշնորհ 100 տոկոսով չկա»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը։
Գևորգյանը նշեց, որ ներմուծողները շատացել են, բայց նախկինում բանանի ներմուծումը մենաշնորհած «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն նույնպես շարունակում է ներմուծել։