Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում սրվում է: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ո՞րն է մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում: Ես այդ «սխալը» չակերտների մեջ եմ դրել: Մեր «սխալը» հետևյալն է, որ մենք չափից ավելի վստահություն ենք տածել մեր սիրելի հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնի նկատմամբ:
Մեր կանխավարկածը եղել է այն, որ մեր քաղաքացին այդ կանոնները պահպանելիս դա արել է ոչ թե իշխանության, այլ իր, իր հարազատների, ընկերների համար:
Հիմա հարցը հետևյալն է՝ մենք պիտի՞ շարունակենք վստահել այդ գործոնին: Կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը պետք է լինի յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը: Մեզնից յուրաքնաչյուրի անհատական պատասխանատվությունն է, որ պիտի բերի այս համաճարակի հաղթահարմանը»,- նշեց վարչապետը:
Ըստ նրա՝ կա երեք կանոն, որ 95 տոկոսով կերաշխավորեն, որ կորոնավիրուսով վարակ չի լինի՝
-
չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել.
-
առանց դիմակի հաղորդակցության մեջ չմտնել որևէ մեկի հետ.
-
պահպանել սոցիալական հեռավորություն:
Փաշինյանն ասաց, որ այսօր մարդիկ, ցավոք, շարունակում են վարակել և վարակվել: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է խնդիր ունենա չվարակվել և չվարակել, իսկ դրա համար պետք է պահպանել այդ երեք կանոնը:
Յուրաքանչյուրն իր անհատական պատասխանատվությամբ պետք է իրականացնի կորոնավիրուսային հեղափոխություն»,- ընդգծեց նա:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ առջևում ոչ աշխատանքային օրեր են, և հնարավոր է՝ մարդիկ մեծ խմբերով տոնակատարություն անեն: «Խնդրում եմ, հորդորում եմ՝ ոչ աշխատանքային օրերին նույնպես պահպանել անվտանգության կանոնները, այլապես ստիպված կլինենք կրկին խիստ սահմանափակումների գնալ»,- եզրափակեց վարչապետը: