«Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքները 9 անձի վերաբերյալ, բեկանել է ստորադաս դատարանների մեղադրական դատավճիռները և ճանաչել նրանց անմեղությունը»,- 1lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Արամ Բարեղամյանի գործով Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքը բավարարել է մասնակի: Դատախազությունը պահանջել էր նրան ևս արդարացնել իրեն մեղսագրված արարքում, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանելով նրան վերաբերող դատական ակտը, քրեական գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- ասաց Գ.Աբրահամյանը:
Ավելի ուշ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը ֆեյսբուքի իր էջում, մանրամասնել է, թե մարտի 1-ի գործով նախկին դատապարտյալներից ում է Վճռաբեկ դատարանն արդարացրել:
«ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կայացրած իր որոշումներով ամբողջությամբ բավարարել է 2008թ. նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերով 9 անձի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքները:
Մասնավորապես, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով ճանաչել է Արմեն Ավագյանի, Մասիս Այվազյանի, Կարեն Թարխանյանի, Դավիթ Աղայանի, Վարդան Ջհանգիրյանի, Արմեն Շահինյանի, Դավիթ Մաթևոսյանի, Խաչիկ Գասպարյանի և Սամվել Հարությունյանի անմեղությունը իրենց մեղսագրված արարքներում և հանցակազմի բացակայության հիմքով կարճել է նրանց վերաբերյալ քրեական գործերի վարույթները:
Եվս մեկ գործով՝ Արամ Բարեղամյանի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած վճռաբեկ բողոքը, բեկանել է կայացված դատական ակտերը, քարեական գործն ուղարկել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Հիշեցնենք, որ այս գործով ևս ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել էր կայացնել արդարացման դատական ակտ»,- գրել է Գոռ Աբրահամյանը: