Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը թեստավորվել է 46 մարդ, որոնցից 15-ի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակի առկայություն: 9-ը հաստատության սաներն են, 6-ը՝ աշխատակիցները՝ այս մասին Ֆեյսբուքի գրառմամբ հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
«Բարեբախտաբար, նրանցից որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան, իրենց լավ են զգում: Նրանք չեն հոսպիտալացվել, մեկուսացվել են հաստատությունում, որտեղ երեխաների խնամքը ապահովելն ավելի հեշտ է:
Վարակի առաջին կասկածներն ի հայտ են եկել հաստատության աշխատակիցներից մեկի մոտ. մայիսի 23-ի երեկոյան ջերմությունը բարձրացել է մինչև 37.6: Աշխատակիցը միանգամից մեկուսացվել է:
Այս պահին հաստատությունում աշխատում են մեր բժիշկ մասնագետները, ինչպես նաև հրավիրված համաճարակաբան և բժիշկ, տարածքը ևս մեկ անգամ ախտահանվել է:
Հաստատությունը կարանտինային ռեժիմով աշխատել է փետրվարի 27-ից, իսկ մայիսի 19-ից անցել փակ ռեժիմի»,- Ֆեյսբուքի գրառման մեջ մանրամասնել է նախարարը։
Նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն էլ 1lurer.am-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդության առաջնային դեպքը դեռ պարզված չէ, սակայն, բարեբախտաբար, երեխաներից որևէ մեկի մոտ որևէ խնդիր չկա, անգամ ջերմության բարձրացում չի նկատվում, բառացությամբ մեկ դեպքի՝ մյուսներն առանց ախտանիշների են ընթանում: