Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը վրացական GHG գործակալության հարցին ի պատասխան՝ անդրադարձել է նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը։
«Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերների հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ անհրաժեշտություն չկա դրան արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանության վրա ենք կառուցել և շարունակելու զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը:
Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել: Բոլոր երկրները ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է, հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունները, առավելագույնս արդյունավետորեն հասցեագրել առկա բոլոր խնդիրները:
Մաղթում ենք մեր վրաց գործընկերներին շարունակական հաջողություն համավարակի դեմ պայքարում»,- ասել է Ալինա Նիկողոսյանը։