Մենք պետք է խստագույն հսկողություն սահմանենք հիմնարկ-ձեռնարկություններում, սպասարկման ոլորտի ընկերություններում, որպեսզի վերջիններս պահպանեն անվտանգության կանոնները։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ պարետատունը նրանց նկատմամբ և պատժողական քաղաքականություն է վարելու, բացատրական աշխատանքներ է իրականացնելու։ «Շատերն անլուրջ են վերաբերվում, բայց մարդկանց բացատրելն ինձ համար գաղափարարախոսական հարց է։ Կորոնավիրուսի իրավիճակի փոփոխության գործիքն անհատի վարքագծի փոփոխությունն է»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ այն սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները, բանկերը, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, փակվելու են՝ ոչ թե 24 ժամով, այլ 15 օրով, 1 ամսով։ Փաշինյանը նշեց, որ իրավախախտների անունները կհրապարակվեն, որ մարդիկ իմանան, որ այդ վայրեր այցելելը համաճարակաբանական առումով անվտանգ չէ։
Վարչապետը պարզաբանեց՝ ինչու է դիմակով։ Նախ՝ սահմանված կանոնի համաձայն, երբ աշխատասենյակում մենակ չէ, նաև հաջորդ ասելիքը հենց դիմակի հետ է կապված։
Փաշինյանն ասաց, որ մասնագետները հետազոտություն են արել, որը ցույց է տալիս, որ դիմակի կրման կուլտուրան հնարավորություն կտա զրոյացնել դեպքերը։
Եվ այսպես, վարչապետը ներկայացրեց, թե մայիսի 25-ից որ դեպքում և որտեղ է պետք կրել դիմակ։
«Բոլոր այն տեղերում, որտեղ կա առևտուր՝ և գնորդը, և վաճառողը պետք է լինեն դիմակով։ Դիմակով պետք է լինեն վարորդը և ուղևորները, այսինքն՝ ավտոմեքենայում մեկից ավելի մարդու պարագայում բոլորը պետք է դիմակ կրեն, դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության։ Այս կանոնը, ինչպես նաև ձեռքերի լվացման կանոնը պահելով մենք զրոյացնում ենք կորոնավիրուսի տարածումը։
Շատերն ասում են՝ դիմակները թանկ են, ՏՄՊՊՀ-ն հետազոտություն է անում, բայց ասեմ՝ տանը պատրաստված դիմակները նույնպես կարող են էֆեկտիվ լինել»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը։
Նա կրկին հորդորեց մեծացնել անհատական պատասխանատվությունը։ «Եթե անհրաժեշտ լինի կիրառել խստագույն վարչական միջոցներ, մենք կկիրառենք, բայց ՀՀ քաղաքացին կարող է ցուցաբերել բարձր գիտակցություն։ Ուրեմն՝ ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, առևտրի մեջ, ավտոմեքենայում, աշխատավայրում պարտադիր կրել դիմակ։
Ես հավատում եմ ձեզ, և մենք միասին այս հարցը կլուծենք»,- եզրափակեց վարչապետը։