Կորոնավիրուսի դեպքերի աճի հիմնական պատճառն արտադրական ձեռնարկություններն են, դեպքերի 75-80 տոկոսն արձանագրվում է արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտում։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ով է մեղավոր և ինչ պետք է անել․․․ Մայիսի 4-ից որոշեցինք նվազեցնել սահմանափակումները։ Արդյոք գիտեի՞նք, որ դա պետք է բերի դեպքերի ավելացման, իհարկե գիտեինք, գիտեի՞նք, որ պետք է միջոցներ ձեռնարկենք, որ դա տեղի չունենա, այո, գիտեինք։
Պարետատունը անվտանգության հստակ կանոններ է սահմանել, այդ թվում՝ արտադրամասերի համար։ Եթե այդ կանոնները պահպանվեին, այդքան դեպքեր չէին լինի։
Ինչո՞ւ գնացինք այդ քայլին․․․ հասկացանք, որ մենք տնտեսական առումով չենք կարող այլևս փակված մնալ։
Կար երկու ընտրություն՝ տնտեսական և առողջապահական, մենք փորձել և փորձելու ենք գնալ հավասարակշռված մոտեցման, որպեսզի որևէ մեկը երկրորդ պլան չմղվի։
Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, բայց գնաճի առումով ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք աշխարհում, նաև ազգային արժույթի տատանումների և ցնցումների առումով ամենակայուն վիճակն ենք ունեցել։
Մենք կատարել ենք այնպիսի ընտրություն, որ իրավիճակը պահենք մաքսիմալ հավասարակշռված»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ ամենամեծ նոր դեպքերը նաև բանկային համակարգում են գրանցվել։ «Հակաճգնաժամային 9-րդ միջոցառմամբ նկատի ենք ունեցել աշխատանք չունեցող քաղաքացիներին, և նրանք իրենց աջակցությունն ստանալու համար պիտի բանկ գնային։ Նրանք բանկ գնացին, բանկերը, ցավոք, ոչ բոլոր դեպքերում պատշաճ պահեցին անվտանգության կանոնները և ստացվեց, որ մեր օգնություններով մարդկանց օգնել ենք վարակվել»,- ընդգծեց Փաշինյանը։