ՀՀ առողջապահության նախարարությունից կապ են հաստատել Հայաստանում Վրաստանի դեսպանության հետ և ափսոսանք են հայտնել կատարվածի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, հայտնում է 1tv.ge-ն։
«Երևանում մեր դեսպանությունից ինձ հայտնեցին, որ իրենք զանգ են ստացել ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարը նախարարի անունից ափսոսանք է հայտնել, որ նախարարի հայտարարությունը, որը, ըստ նրանց, ճիշտ չի ընկալվել, վիրավորել է վրաց գործընկերներին։ Նա խնդրել է դեսպանությանը փոխանցել այդ դիրքորոշումը Թբիլիսիին»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։
Հիշեցնեմ, Արսեն Թորոսյանը օրերս Հանրային խորհրդի նիստում հայտարարել էր, որ թեև Վրաստանում գործող սահմանափակումներն ավելի արդյունավետ են, սակայն, ըստ նրա, Հայաստանում հակահամաճարակային համակարգն ավելի լավն է, քան հարևան երկրում։ Արսեն Թորոսյանը կասկած էր հայտնել վարակակիրների հաշվարկի մեթոդաբանության վերաբերյալ։ Նախարարի խոսքերը Վրաստանում վրդովմունքի պատճառ էին դարձել։