Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում հանրային տրանսպորտի աշխատանքի վերսկսմանը, ասաց, որ հանրային տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար իրազեկման աշխատանքներ են կազմակերպել:
Նա տեղեկացրեց, որ տեղեկատվական թերթիկներ են բաժանել ու ներկայացրել վարքագծի կանոնները: Գրիգորյանը հայտնեց, որ կան 3500 տրանսպորտային միջոցներ և 20-25 հազար տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերեր, ֆիզիկական անձինք, որոնք իրականացնում են ուղևորափոխադրումներ:
«Հսկողություն ենք սահմանում, որ տրանսպորտային միջոցներում ուղևորները և վարորդները խստիվ պահպանեն պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, որոնք վերաբերում են դիմակներ և ձեռնոցներ կրելուն, ախտահանիչ նյութերի առկայությանը: Հավաքակայաններում ամենօրյա շրջայցեր ենք իրականացնում»,- ասաց Գրիգորյանը:
Հանրապետության տարածքի տարբեր հենակետերում ճանապարհային ոստիկանության հետ միասին շրջայցեր կատարելիս բազմաթիվ խախտումներ են արձանագրել և տվել են ցուցումներ: Անդրադառնալով տրանսպորտի թերբեռնված աշխատանքին՝ Գրիգորյանը նշեց, որ երթուղիների մեծ մասի համար շահավետ չէ ուղևորափոխադրում իրականացնելը: Ասաց, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկում են օպտիմալ լուծումներ, եթե ուղևորահոսքի նվազ տեմպը շարունակի պահպանվել:
«Հնարավոր է ժամանակավոր չվացուցակների կազմում կամ այլ միջոցառումների իրականացում, որպեսզի տրանսպորտը լինի շահավետ տրանսպորտային կազմակերպությունների և հարմարավետ՝ ուղևորների համար»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը: