ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը պարետատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում ոստիկանության կողմից ուղևորափոխադրող սուբյեկտների վերահսկման աշխատանքները:
Պետրոսյանը նշեց, որ ծառայություն է իրականացվում հետիոտն երթուղիով և ավտոպարեկներով՝ շրջայցերի միջոցով:
«81 ուղևորափոխադրում իրականացնող սուբյեկտների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից 34-ը՝ տաքսիների նկատմամբ, 32-ը՝ երթուղային տաքսիների, 15-ը՝ երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ, մետրոպոլիտենի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել»,- նշեց Պետրոսյանը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն էլ հավելեց, որ եթե հանրային տրանսպորտում վարորդի կողմից խախտվել է պարետի ընդունած որոշման պահանջը, տվյալ կազմակերպության ղեկավարը կարող է տուգանվել 100-300 հազար դրամով, իսկ եթե ուղևորն է պահանջը խախտել, ապա կարող է պատասխանատվության ենթարկվել՝ տուգանվելով նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
«Խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի կողմից տրվում են պարտադիր կատարման ցուցումներ: Երթուղին կարող է դադարեցվել, մինչև որոշման պահանջը իրականացվի»,- նշեց Արտյուշ Գրիգորյանը: