Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Արարատի մարզում Նարեկ համայնքն էր, որտեղ Կառավարության ղեկավարը ծանոթացավ Նարեկի խաղողի, ծիրանի, դեղձի նորատունկ այգիներին:
Այգիներ հիմնողը նշեց, որ մշակում է միայն հայկական աբորիգեն տեսակի խաղող՝ Սաթի, Խարջի, Կախեթ, Ճիլար և այլն, ոռոգումը կաթիլային համակարգով է իրականացնում:
«Մեր կոնյակագործությունը, որ հայտնի է դարձել, էս սորտերի հաշվին է հայտնի դարձել»,- նշեց գյուղատնտեսը:
Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ մշակման ավանդական մեթոդը, որ կա Հայաստանում, մարդկանց չի հարստացնելու:
«Այդ մեթոդը մարդուն չի հարստացնելու: Պիտի փոխվի, ամբողջությամբ պիտի փոխվի: Այսպես պետք է լինի՝ նախ ծավալի էֆեկտը, 1000 մետր, նույնիսկ 1 հեկտար հողով հնարավոր չի լինելու հարցեր լուծել: Մինչև գյուղատնտեսության, հողի մշակման կուլտուրան չփոխվի, այս հարցերը, խնդիրները չեն լուծվելու»,- նշեց վարչապետը:
Այգիների հիմնադիրը նշեց, որ իրացման հետ կապված խնդիրներ չունի, իրեն խնդրում են այդպիսի սորտերը հանձնել գործարաններ, սակայն նպատակ ունի սեփական գինու ու կոնյակի գործարան, նաև չրի գործարան կառուցել:
Նա նաև հավելեց, որ շուրջ 20 աշխատատեղ է ստեղծել, աշխատավարձն էլ օրավարձով է: Նաև հավելեց, որ լաբորատորիա է ցանկանում ստեղծել՝ մշակման յուրահատկությունները հասկանալու համար: