Արարատի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Վերին Դվին համայնքում էր: Վերին Դվին համայնքում էլ վարչապետը ծանոթացավ հակակարկտային համակարգի աշխատանքին:
Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես է աշխատում համակարգը, արդյունավե՞տ է, թե՞ ոչ, երբ է վերջին անգամ համայնքի բերքը կարկուտից վնասվել: Հակակարկտային ծառայության Արարատի մարզի պետ Նարեկ Գալստյանը վարչապետին ներկայացրեց ցանցի աշխատանքը՝ նշելով, որ մարզում 1 կիլոմետր հեռավորությամբ տեղադրված են երեք տեսակի հակակարկտային համակարգեր, նաև հայկական արտադրության համակարգեր, որոնք թույլ չեն տալիս, որ Հայաստանի ամենագյուղատնտեսական մարզերից մեկը տուժի կարկուտի տեղումներից:
Գյուղացիները Նիկոլ Փաշինյանին պատմեցին, որ վերջին անգամ գյուղում կարկուտից բերքը վնասվել էր 5 տարի առաջ, երբ դեռ հակակարկտային կայանները տեղադրված չէին, իսկ դրանց տեղադրումից հետո բերքը չի վնասվել:
Գյուղացիներից մեկն էլ նշեց, որ ամեն դեպքում չի վստահում հակակարկտային համակարգին, և ապահովագրել է իր և՛ խաղողի, և՛ ծիրանի այգիները:
Վերին Դվին համայնքի բնակիչները վարչապետին իրենց ֆինանսական խնդիրների մասին պատմեցին: Նշեցին, որ բանկերից ուզում են վարկ վերցնել, բայց մերժումներ են ստանում: Բնակիչները հետաքրքրվեցին, թե կոոպերատիվ ստեղծելու համար ինչեր են անհրաժեշտ:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրեց 11 վարկային ծրագրերը, որոնք նախատեսված են գյուղատնտեսությանը խթանելու համար: