ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հավանության արժանացավ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքներում օրենսդրական փոփոխությունների նախագիծը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց, որ դեռ 2014 թվականից արդարադատության նախարարությունում ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որը վերաբերում է քաղաքացիական կացության ակտերն էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցելուն: Տեղեկացրեց, որ այն համացանցի միջոցով հասանելի է բոլոր ՔԿԱԳ մարմիններին:
«Այս նախագծով մենք քաղաքացիական կացության ակտում, երեխայի ծննդյան ակտում՝ ի թիվս այլ տվյալների, հնարավորություն ենք տալիս ծնողների համաձայնությամբ նաև նշել հանրային ծառայությունների համարանիշը»,- ասաց Դանիելյանը՝ հիշեցնելով, որ երեխայի սեռը որպես պարտադիր գրառվող պայման ևս ավելացվել է:
Փոխնախարարը շեշտեց, որ ծնողների փոխադարձ համաձայնությամբ է հնարավորություն տրվում հանրային ծառայությունների համարանիշն ավելացնել: Ասաց, որ սոցիալական տարբեր ծառայություններ իրականացնելու դեպքում ծնողները ստիպված են լինում գնալ բնակության պետական ռեգիստր և այնտեղից ստանալ համարանիշը: Հանձնաժողովի նիստում կարևորվեց այն, որ տվյալ փոփոխությամբ քաղաքացիները ստիպված չեն լինելու մի քանի պետական մարմիններ այցելել՝ սոցիալական ծառայություններից օգտվելու համար:
Նախագծերով երեխայի հանրային ծառայության համարանիշը ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանան նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը՝ նվազեցնելով հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը:
Տեղեկացնենք, որ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքը սահմանում է, որ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) թվային տասը նիշերի համակցություն է: Այն ձևավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ: