Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Վազգեն Յակուբյանը, փոխանցելով ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի և Կենտրոնական վարչական ժողովի անդամների բարեմաղթանքները, կրկին շնորհավորել է Արայիկ Հարությունյանին համապետական ընտրություններում հաղթանակի և նախօրեին պաշտոնը ստանձնելու առթիվ։
Նախագահ Հարությունյանը կարևորել ու շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար և նշել, որ հանրապետության իշխանություններն այսուհետ ևս պատրաստ են իրենց գործուն աջակցությունը բերել ՀԲԸ Միության ծրագրերի շարունակականության ապահովմանը:
Ներկայացնելով Արցախում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերը` Վազգեն Յակուբյանը հավաստիացրել է, որ բոլոր ուղղություններով դրանք ընդլայնման ներուժ ունեն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել նոր հնարավորությունները։