ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագիծը վերաբերում է խմբակցություններին լսումներ իրականացնելու ավելի լայն հնարավորություններ տալուն: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ առկա իրավակարգավորման շրջանակում խմբակցություններն իրավունք ունեն լսումներ նախաձեռնել բացառապես այնպիսի հարցերով, որոնց վերաբերյալ նրանց խմբակցության պատգամավորը նախագիծ է ներկայացրել:
«Սա էականորեն սահմանափակում է խմբակցության՝ լսումների անցկացման իրավունքը, և մենք առաջարկում ենք, որ այս սահմանափակումը վերացվի, և խմբակցությունը կարողանա այլ հարցերի հետ կապված ևս նախաձեռնել խորհրդարանական լսումներ»,- ընդգծեց Սիմոնյանը: Պատգամավորը նշեց, որ առաջարկում են նաև փոփոխել այն կետը, որով խմբակցություններն իրավունք ունեն լսումներ անցկացնել յուրաքանչյուր նստաշրջանում միայն մեկ անգամ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց գործընկերներին դեմ քվեարկել, քանի որ, ըստ նրա, ավելի շատ խոսվում է լսումների թիվն ընդլայնելու, քան լսումներ հրավիրելու մասին:
«Մենք ստեղծել ենք արհեստական խնդիր, և այդ արհեստական խնդիրը լուծում ենք: Ես կոչ կանեի քվեարկել այս նախագծի օգտին այն պարագայում, երբ իմ հարգարժան գործընկերները, անկախ կուսակցական պատկանելությունից, բերեին բավարար ապացույցներ, հիմնավորումներ առ այն, որ ԱԺ նախագահը հրաժարվում է նշանակել լսումներ, թեև կա հանրային հնչեղություն, իսկ հանձնաժողովները մերժում են լսումներ հրավիրելու բոլոր առաջարկները»,- ասաց Վարդանյանը: