ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի օրենսդրական փաթեթը: Հեղինակներն են՝ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Համազասպ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արթուր Դավթյանը:
Նախագծի նպատակն է բարձրացնել ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվողականությունը: Նախատեսվում է հստակեցնել խորհրդարանական վերահսկողական գործիքները:
Նախագծով նախատեսվում է, որ հանձնաժողովի նախագահը ոչ միայն ընթացք է տալու և պատասխանելու է հանձնաժողովին ուղղված գրություններին, այլ նաև ներկայացնելու է հանձնաժողովի անդամներին: «Այս իմաստով կարևորել ենք հանձնաժողովի նախագահի հաշվետվողականությունը նաև հանձնաժողովի անդամ մյուս պատգամավորների առջև: Հանձնաժողովի մշտական նախագահը պարտավորվում է հանձնաժողովի առաջիկա նիստից առաջ հրավիրվող մասնագետների, փորձագետների ցանկը ներկայացնել հանձնաժողովի բոլոր պատգամավորներին: Պատգամավորները դա ընդունելու են ի գիտութուն»,- ասաց Հայրապետյանը:
Նախատեսվում է նաև, որ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցի քննարկումն ավարտելուց հետո հանձնաժողովի նախագահը պետք է ներկայացնի հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն: Այն պետք է ներառի 5 կետ՝
-
անցկացված հերթական և արտահերթ նիստերի խորհրդարանական լսումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
-
հանձնաժողովին հասցեագրված դիմումների և դրանց պատասխանների ու արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն.
-
հանձնաժողով մուտքագրված դրական կամ բացասական եզրակացություն ստացած օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
-
հանձնաժողովի անդամ պատգամավորների՝ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
-
խորհրդարանական վերահսկողության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
«Մեզ համար կարևոր է իմպերատիվ կերպով սահմանել և ինստիտուցիոնալ լուծում տալ խնդրին, ինչը կպարտադրի յուրաքանչյուր հանձնաժողովի տարեվերջին հերթական նիստերի վերջին օրակարգային հարցի ավարտից հետո հանդես գալ սույն հաշվետվողական ելույթներով»,- ասաց պատգամավորը: Հայրապետյանը տեղեկացրեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ քվորում է ապահովվում, երբ ներկա են մշտական հանձնաժողովների առնվազն մեկ քառորդ պատգամավորները: Ասաց՝ կարևոր են համարում, որ մշտական հանձնաժողովները ապահովեն 50+1 ձևաչափը:
«Հայտնի փաստ կա, որ նախկինում շատ դժվարությամբ է հավաքվել խորհրդարանը հատկապես մշտական հանձնաժողովներում: Գտնվել է կոմպրոմիսային լուծում, որ մեկ քառորդով կարողացել են քվորումն ապահովել: ԱԺ-ի գործող գումարումը նման խնդիր չունի, և ես կարծում եմ, որ այս փոփոխությունը ոչ պակաս կարևոր է մեզ համար»,- ասաց պատգամավորը:
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր ոլորտային հանձնաժողով կարող է դիմել բոլոր խմբակցություններին հարցապնդմամբ: Հայրապետյանը չբացառեց, որ առանձին ոլորտային գերատեսչությունների գործունեության վերաբերյալ կարող են գնահատական տալ, թե որքանով է համապատասխանում Կառավարության ծրագրի ընթացքին և որքանով է այն գոհացնում: Մի շարք այլ փոփոխություններին զուգահեռ առաջարկվում է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարներն ունենան խորհրդական:
«Ուսումնասիրվել է մի քանի երկրների միջազգային փորձը: Կարևորում ենք սրանով մշտական հանձնաժողովների ռեսուրսի բարձրացումը՝ իրականացնելու վերահսկողական օրենսդիր գործառույթ: Այն գործառույթները, որոնք պաշտոնի անձնագրով իրականացնում են փորձագետները, չեն կարող, որովհետև դրանք շատ նեղ մասնագիտական են և չեն կարող քաղաքական բնույթ կրել, ինչը խորհրդականի պաշտոնը զբաղեցնող անձն այս իմաստով չի ունենա»,- ասաց Հայրապետյանը:
Հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց, որ առաջինից երկրորդ ընթերցման փուլում կանդրադառնան բոլորի ներկայացրած առաջարկներին: