Մայիսի 22-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
Ի թիվս երկկողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ արտգործնախարարներն առանձնացրել են առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները՝ անմիջական դերակատարների և գործարար շրջանակների միջև կապերի խթանման տեսանկյունից կարևորելով համապատասխան հարթակների ստեղծումը և միջոցառումների նախաձեռնումը:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է բազմակողմ ձևաչափերում առկա արդյունավետ փոխգործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա: Այս տեսանկյունից առանձնահատուկ բարձր է գնահատվել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ Հայաստանի և Արգենտինայի սերտ համագործակցությունը։