ՆԱՏՕ-ն խորհրդի արտակարգ նիստ կհրավիրի՝ կապված Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման հետ: Հանդիպումը կկայանա դեսպանների մակարդակով, կքննարկվեն «այդ որոշման հետևանքները եվրոպական և եվրոատլանտյան անվտանգության ու սպառազինությունների վերահսկման սովորական ռեժիմի վրա»:
Հինգշաբթի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց պայմանագրից դուրս գալու մասին. որոշումը ուժի մեջ կմտնի մայիսի 22-ից վեց ամիս հետո: Միաժամանակ, ամերիկյան առաջնորդը չի բացառել նոր համաձայնագրի կնքումը: Սպիտակ տունը հայտարարել է, որ նման որոշում է կայացրել Մոսկվայի պատճառով. Ռուսաստանը, իբր, խախտում է պայմանագրի պայմանները: Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Մոսկվան կհետևի պայմանագրի դրույթներին:
«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից: Պայմանագրով նախատեսված է պարբերաբար ստուգող թռիչքներ իրականացնել մասնակից երկրների օդային տարածքներում, հետևել, որ կատարվեն զենքի վերահսկման վերաբերյալ պայմանագրերը: