Դատախազությունը ՊԵԿ է ուղարկել Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործը, որ օրերս հարուցել էր ՀՔԾ-ն՝ 1lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ քննչական դեպարտամենտ է ուղարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով՝ նախաքննության շարունակումն այլ գործի հետ ընդհանուր վարույթում իրականացնելու և քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով»,- ասաց Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ-ի՝ 2007-2012 թթ. ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի մասնակից Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել Թումանյան փողոցի «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ չնայած վերջինս ունեցել է դրա համար օրինական թույլտվություն: Արդյունքում ընկերությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից և 2007-2014 թթ. ընթացքում կրել 1 մլրդ 938,7 մլն ՀՀ դրամի վնաս:
Հավելենք, որ 2007-2008 թթ. վարչապետի ավագ օգնականի, 2008-2012 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:
Ավելի վաղ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման և փողերի լվացման համար. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: