ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ երեկ Արցախի Հանրապետությունում նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո սեղանի շուրջ արված լուսանկարին, որը համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել:
«Շատ է քննարկվում սոցիալական հեռավորությունը, դիմակների հարցը, ինչպես նաև այն կոչերը, որ մենք անում ենք: Հիմա մարդիկ ասում են, որ մենք կոչերով ենք հանդես գալիս, բայց մենք՝ ինքներս, դրան չենք հետևում: Կարող եմ ասել, որ մենք գտնվում ենք Արցախի Հանրապետությունում, որտեղ կա այլ իրավական ռեժիմ, իրավիճակի կտրուկ տարբերություն կա»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ շրջանառվող լուսանկարը արված է բաց տարածքում, Արցախի Հանրապետությունում գործող կանոններին և օրենքներին համապատասխան:
«Նման խիստ սահմանփակումներ, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում, բարեբախտաբար, չկան: Այնուամենայնիվ, հասկանալի են զայրույթն ու հարցերը, որոնք առաջանում են: Պետք է հաշվի առնել, որ այս իրավիճակում ամեն մի բառ, լուսանկար ու արտահայտություն շահարկումների առիթ է հանդիսանում: Նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք էր դա հաշվի առնել»,- նշեց Սիմոնյանը՝ հորդորելով հետևել կանոններին, պահպանել դրանք ու օրինակ ծառայել մյուսների համար, կրել դիմակները և թույլ չտալ, որ իրավիճակն էլ ավելի վատանա մեր երկրում: