ԵԱՏՄ մաքսային արտոնության ժամկետի երկարաձգման դեպքում որոշ ապրանքների գներ 3 տոկոսով կնվազեն: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն էլ հետաքրքրվեց, թե այդ ապրանքատեսակների ոլորտներում կա՞ն տեղական արտադրողներ և նախատեսվո՞ւմ է, որ կլինեն:
«Օրինակ՝ 2015 թվականին ընտանի թռչնամսի ներմուծման մաքսատուրքը Հայաստանում կազմում էր 10 տոկոս, 2019 թվականին՝ 22 կազմել էր տոկոս, հունվարի մեկից հետո դառնում է 25 տոկոս, 2022 թվականից կդառնա 80 տոկոս: Դիցուք, եթե այս պահին գործող մաքսատուրքը 25 տոկոս է՝ մենք ունենք ֆերմերային տնտեսություններ, որոնք այս պահին ապահովում են Հայաստանի ներքին սպառման մոտ 26.6 տոկոսը: Դա դինամիկ աճում է: Անցած տարվա նկատմամբ 11 տոկոս աճ ենք ունեցել»,- ասաց փոխնախարարը:
Սիմոնյանը նաև հայտնեց, որ Վիետնամի հետ Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում տարեկան կտրվածքով շատ նվազեցված մաքսատուրքով է ներմուծվում բրինձը:
Կա քվոտային համակարգ, որից Հայաստանը կօգտվի, որպեսզի ԵԱՏՄ շրջանակում ներմուծվող ընտանի թռչնամսի մաքսատուրքը լինի 25 տոկոս: Այն թույլ կտա մեր տեղական արտադրությանը զարգանալ, և սպառողական գնի բարձրացման հետևանքով շուկայում չեն լինի որևէ կարգի տատանումներ։
Սիմոնյանն ասաց նաև, որ մաքսատուրքերի մեխանիզմը ներքին շուկայի պաշտպանությունն է: Հայաստանն այս պարագայում ունի ներքին շուկայի ամբողջական պաշտպանություն: Համավարակի ընթացքում ԵԱՏՄ շրջանակում իրականացվել են որոշ վերլուծական աշխատանքներ։ Փոխնախարարի խոսքով՝ երկրների կողմից կազմվել է համապատասպան փաստաթուղթ, որը թույլ է տալիս գնահատել՝ զգայուն ապրանքների ինչ դեֆիցիտներ ու պրոֆիցիտներ կան: