Երևանի թիվ 49 մանկապարտեզի անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ 1lurer.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ այդ պատճառով մանկապարտեզն անորոշ ժամանակով փակ կմնա, մինչև համապատասխան եզրակացություն տան բժիշկ-մասնագետները:
«Չի բացառվում, որ անձնակազմից որևէ մեկը կոնտակտավոր լինի: Բայց երեխաների հետ կոնտակտները բացառվում են»,- ասաց նա՝ հավելելով, որ մանկապարտեզը մարտից չի գործել, այն չի վերաբացվել նաև մայիսի 20-ից:
«Այս օրերին մանկապարտեզը չի բացվել հենց վարակման դեպքի կասկածի պատճառով: Հետեւաբար՝ այս մանկապարտեզ երեխաներ չեն հաճախել, երեխաների հետ շփումներ չեն եղել»,- շեշտեց նա: