Այսօր Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) մեկնարկում է «Հավաստի» (Verified) նախաձեռնությունը, որի նպատակն է պայքարել ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ աճող ապատեղեկատվության դեմ՝ մեծացնելով վստահելի և ճշգրիտ տեղեկատվության ծավալը:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ վիրտուալ տարածքը հեղեղվի ոչ ճշմարտացի, վախ և ատելություն պարունակող տեղեկատվությամբ»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարելիս:
«Ապատեղեկատվությունը տարածվում է առցանց, հաղորդագրական հավելվածներով և անմիջական շփման ժամանակ: Ապատեղեկատվությունը տարածողները կիրառում են դրանք ստեղծելու և տարածելու հմուտ մեթոդներ: Դրան հակազդելու համար գիտնականներն ու ՄԱԿ-ի նման հաստատությունները պետք է մարդկանց հասցնեն ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն»,- ասել է նա:
«Հավաստի» նախաձեռնությունը, որը գլխավորում է ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցությունների բաժինը, տեղեկատվություն կտրամադրի երեք հիմնական թեմաների շուրջ՝
-
գիտություն` կյանքեր փրկելու համար.
-
համերաշխություն՝ տեղական և համաշխարհային համագործակցությունը խթանելու համար.
-
լուծումներ՝ համավարակից տուժած բնակչությանը աջակցելու համար:
Նախաձեռնությունը խթանելու է նաև վերականգնմանն ուղղված այն փաթեթները, որոնց նպատակն է վերացնել կլիմայական ճգնաժամի և աղքատության, անհավասարության ու սովի խորքային պատճառները:
Նախաձեռնությունը կոչ է անում աշխարհի բոլոր մարդկանց դառնալ «տեղեկատվության կամավորներ»՝ տարածելու վստահելի նյութեր՝ իրենց ընտանիքներն ու համայնքները անվտանգ պահելու համար: Կամավորները, որպես թվային հարթակների առաջնային արձագանքողներ, կստանան հավաստի տեղեկատվություն՝ օպտիմալացված սոցիալական հարթակներով տարածելու համար։ Դրանք կպարունակեն պարզ, համոզիչ հաղորդագրություններ, որոնք ուղղակիորեն կպայքարեն ապատեղեկատվության դեմ կամ կլրացնեն տեղեկատվական բացը:
ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցությունների բաժինը համագործակցելու է ՄԱԿ-ի գործակալությունների, ՄԱԿ-ի գրասենյակների, հեղինակավոր անձանց, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և մեդիա ոլորտում գործող կազմակերպությունների հետ՝ վստահելի, ճշգրիտ տեղեկատվություն տարածելու համար, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերի հետ՝ ատելություն և վնասակար բովանդակություն պարունակող տեղեկատվությունն արմատախիլ անելու համար: